Ներդրումային ծրագիր

Կասկադի յոթ հիդրոէլեկտրակայանների տեխնիկական վիճակները խիստ տարբեր են։ 

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ կողմից Սևան-Հրազդան կասկադի առկա վիճակի գնահատման նպատակով 2020 թվականի Սեպտեմբերին միջազգային հանրահայտ Ֆիխտներ խորհրդատվական ընկերությանը պատվիրվել է իրականացնել մանրակրկիտ ուսումնասիրություն։ Ուսումնասիրությամբ հաստատվել է հետևյալը. Կակսադի կայաններից մեկը գտնվում է լավ վիճակում (Երևան-1), մինչդեռ մյուս բոլոր հիդրոէլեկտրակայանները պահանջում են հատուկ միջոցառումներ և ներդրումներ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ աշխատանքներով իրենց նախագծային կարողությամբ հուսալի, անվտանգ և կայուն գործունեություն ապահովելու համար։ Յոթ կայաններից երկուսը՝ Արգել ՀԷԿ-ը և Երևան-3-ը խիստ կրիտիկական վիճակում են, շուտափույտ հիմնանորոգման և ներդրումների կարիք ունեն հիմնականում անվտանգ շահագործումն ապահովելու համար։ 

Հիդրոկայանների կասկադի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով անհրաժեշտ ներդրումները ընդհանուր ծավալը գնահատվում է մինչև 182 մլն ԱՄՆ դոլար։ Հաշվի առնելով այս ներդրումների չափազանց մեծ ծավալը՝ այս գնահատականը նվազեցվել է ՄԷԿ ՓԲԸ տեխնիկական անձնակազմի կողմից, ներառելով միայն առավել հրատապ աշխատանքները, ինչպես նաև սեփական ռեսուրսներով աշխատանքների մի մասը անելու կարողությունները։ Արդյունքում ՄԷԿ-ի անձնակազմի կողմից հաշվարկվել է 2020-2027 թթ միջակայքում անհրաժեշտ 83.5 մլն ԱՄՆ դոլար ներդրումների առավել իրատեսական գումար, ինչը թույլ կտա ապահովել Կակսադի անխափան գործունեությունը։ 

Ավելին, Ֆիխտների կողմից իրականացված ուսումնասիրությամբ առաջարկվել է իրականացնել ավելի խորքային ուսումնասիրություն, որով հաշվի կառնվի ծախսերի տնտեսական հիմնավորվածությունը, արտադրության արդյունավետության բարձրացման հնարավորությունները և, հետևաբար, հնարավորություն կտա հիմնավոր կերպով ամփոփել անհրաժեշտ ներդրումների միջնաժամկետ ծրագիրը։

Համապատասխանաբար ՄԷԿ ՓԲԸ կողմից բանակցություններ են վարվել Համաշխարհային Բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, որին պատվիրվել է իրականացնել նշված ուսումնասիրությունը։ Ուսումնասիրության առարկային ավելացվել են նաև ոռոգման համակարգում առկա ջրի կորուստների կրճատման հնարավորությունների հետազոտումը, դրանց կրճատմանն ուղղված գործողությունների տեխնիկատնտեսական հիմնավորվածության հաշվարկը, ինչպես նաև ՄԷԿ ՓԲԸ սակագնային մեթոդաբանության կատարելագործման ուղղությամբ առաջարկների կազմումը, ինչը հնարավորություն կտա առավել առարկայական բանակցություններ վարել կարգավորող մարմինների հետ։

Բանակցությունների արդյունքում 2021 թվականի փետրվարին պայմանագիր է ստորագրվել Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ։ Աշխատանքների արդյունքում կվերանայվի 2020-2027 թթ միջնաժամկետ ծրագիրը։ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հայտարարված միջազգային մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 17 հանրահայտ ընկերություններ, որոնցից հաղթող համարվողը ձեռնամուխ կլնինի ուսումնասիրության իրականացմանը։ 

Ընկերության աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու համար 2020 թվականին մշակվել, կարգավորող մարմին է ներկայացվել և վերջինիս կողմից հաստատվել է ընկերության 2020-2022 թվականների ներդրումային ծրագիրը՝ 21.9 մլրդ դրամ (շուրջ 42 մլն դոլլար) ընդհանուր արժեքով ներառյալ ԱԱՀ-ն։ 

Նշված ծրագիրն իր մեջ ներառել է 94 միջոցառում, որից 8-ը հիդրոտուրբինային, հիդրոմեխանիկական և օժանդակ սարքավորումներ, 27-ը էլեկտրատեխնիկական սարքավորումների ձեռք բերում, փոխարինում, մոնտաժում, 10-ը ռելեական պաշտպանության սարքավորումների ձեռք բերում, փոխարինում, մոնտաժում, 33-ը հիդրոտեխնիկական կառույցների կապիտալ վերանորոգումներ և սարքավորումների տեղադրում, 10-ը տրանսպորտային միջոցների և մեխանիզմների ձեռք բերում և 6-ը Ընկերության բնականոն աշխատանքների ապահովման համար հիմնական միջոցների ձեռք բերում։

Ներդրումային այս ծրագրում հատկանշական են 2.8 կմ երկարություն ունեցող Հրազդանի թիվ 2 դերիվացիոն ջրանցքի կապիտալ նորոգումը (շահագործման է հանձնվել 1959 թվականին), Հրազդան ՀԷԿ-ի թիվ 1, թիվ 2 ուժային տրանսֆորմատորների փոխարինումը (շահագործվում են համապատասխանաբար 1959 և 1960 թթ.), Արգել ՀԷԿ-ի թիվ 1, թիվ 2 ուժային տրանսֆորմատորների փոխարինումը (շահագործվում են 1953 թվականից), Արզնի ՀԷԿ-ի թիվ 1, թիվ 2 ուժային տրանսֆորմատորների փոխարինումը (շահագործվում են համապատասխանաբար 1956 և 1957 թթ.), ընդ որում տվյալ աշխատանքները ներառում են յուղընդունիչ և յուղահավաք համակարգերի տեղակայում, որն առանձին նախատեսվել է նաև Քանաքեռ ՀԷԿ-ի համար։

Տաշիր ընկերությունների խումբը հանձն է առել ֆինանսավորել ներդրումային ծրագրի զգալի մասը։ Մնացած գումարի էական մասը կֆինանսավորվի «ՄԷԿ» ՓԲԸ-ի կողմից ստացվող եկամուտների հաշվին, իսկ մնացածը՝ վարկային միջոցներով։ Այս նպատակով բանակցություններ են վարվում մի շարք միջազգային ֆինանսական հաստատությունների հետ։