Կոտայքի մարզ։ Արզնի ՀԷԿ-ի մուտքը։
22.02.2021թ.«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերության առաքելությունը Հայաստանի ողջ էլեկտրաէներգետիկական համակարգում ունեցած կարևոր դերի լավագույնս իրականացումն է, վերականգնվող էլեկտրական էներգիայի կայուն և վստահելի արտադրողի համբավի անփոփոխ պահպանումը։
Մեր նպատակն է կարճ ժամկետում ներդնել որակի կառավարման, բնապահպանական, աշխատանքի անվտանգության միջազգային ամենաբարձր ստանդարտները, հասնել ջրային ռեսուրսների օգտագործման և արտադրության բարձր արդյունավետության, միաժամանակ ապահովելով էլեկտրական էներգիայի արտադրության ծավալների աճ։
Մեր արժեքները միտված են մեր գործունեության ոլորտին առնչվող բազմաթիվ շահառուների շահերի մեկտեղմանը և, արդյունքում, հանրային ընդհանուր գերակա շահի արդյունավետ բավարարմանը։ Մեր բաժնետերերի և գործընկերների վստահությունը հիմնված է երկրի համար կարևոր նշանակության հարցերին մեր պատասխանատու և մասնագիտացված մոտեցումների վրա։
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունը տնօրինում և կառավարում է Սևան-Հրազդան կասկադի ակտիվները։ 2003 թվականի մայիսին գրանցված այս ընկերությունը 2020 թվականին ձեռք է բերվել Տաշիր ընկերությունների խմբին պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ կողմից։ Այս գործարքը նոր հեռանկարներ է բացել ընկերության առջև, հաշվի առնելով Տաշիր ընկերությունների խմբի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի էներգետիկ համակարգում, դրանում գործող խոշոր և ստրատեգիական նշանակության ձեռնարկությունների արդյունավետ կառավարման փորձը, մարդկային և ֆինանսական ներուժը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ համակարգին և ընդհանրապես՝ տնտեսությանը աջակցություն ցուցաբերելու Տաշիր ընկերությունների խմբի տեսլականը։
Վերոնշյալ գործոնները լուրջ նախադրյալներ են ստեղծում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲ ընկերության ակտիվների անհրաժեշտ վերազինմանն ուղղված մեծամասշտաբ ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ կասկադի ակտիվների արդիականացման, էլեկտրական էներգիայի արտադրության հուսալիության և արդյունավետության բարձրացման նպատակով։ Այս գործընթացն իրականացնելիս «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունն առաջնորդվելու է արտադրության որակի ապահովման, աշխատանքի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման միջազգային բարձրագույն չափանիշներով։
Սևան Հրազդան ոռոգիչ-էներգետիկ համալիրը կազմված է 7 հիդրոէլեկտրակայանների կասկադից և Արարատյան դաշտավայրի ու նախալեռնային հողատարածքները ոռոգող 17 ջրանցքներից։ Սևանա լճից Արարատյան դաշտավայրի ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի էներգետիկ պոտենցիալի օգտագործման նպատակով կասկադի շինարարությունը սկիզբ է առել 1930 թվականին՝ Քանաքեռ ՀԷԿ-ի շինարարությամբ, որի առաջին հիդրոագրեգատը գործարկվել է 1936 թվականին և տևել է 32 տարի՝ ավարտվելով Երևան-1 ՀԷԿ-ի գործարկմամբ։ Կասկադի հիդրոէլեկտրակայանները օգտագործում են ինչպես Սևանա լճի, այնպես էլ Հրազդան գետի և այլ կողային վտակների ջրերը։
Սևան-Հրազդան կասկադն ամենախոշորն է Հայաստանում՝ ընդհանուր 561.4 ՄՎտ դրվածքային հզորությամբ։ Այս հզորության պայմաններում Էլեկտրաէներգիայի տարեկան արտադրանքը 1957-1963 թվականներին գերազանցել է տարեկան 2,000 ԳՎտժ ծավալը, իսկ 1993 թվականին, Հայաստանում էներգետիկ ճգնաժամի պայմաններում, կազմել է շուրջ 2,838 ԳՎտժ։ Սևան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայանների էներգիան մինչև 1950 թվականի ավարտն ապահովել է հանրապետության պահանջարկի մոտ 90 տոկոսը։ 1978 թվականից Սևանա լճից ջրի թողքը էներգետիկ նպատակներով դադարեցվել է՝ կանխելու համար Սևանա լճի մակարդակի հետագա իջեցումը։ Հետագայում, 1981 թվականին «Արփա-Սևան» թունելի գործարկմամբ Սևանա լճի մակարդակը սկսեց բարձրանալ, սակայն Սևան-Հրազդան կասկադն այլևս գործարկվում է գյուղատնտեսական կարիքների համար ոռոգման ջրի ապահովման գերակայության պայմաններում։
Սևան-Հրազդան կասկադի երկու ՀԷԿ-երը՝ Սևան ՀԷԿ-ը և Հրազդան ՀԷԿ-ը, գործում են միայն Սևանից ոռոգման սեզոններին բաց թողնվող ջրի էներգիայով, և հետևաբար գործարկվում են միայն ոռոգման սեզոններին։ Մնացած ՀԷԿ-երը գործում են ողջ տարվա ընթացքում, բացառությամբ կասկադի ամենափոքր՝ Երևան-3 ՀԷԿ-ից, որը գործում է ոչ ոռոգման սեզոններին, Արտաշատի ոռոգման մայր ջրանցքի ջրով։ Կասկադի երեք ՀԷԿ-երը՝ Քանաքեռ ՀԷԿ-ը, Երևան-1 և Երևան-3 ՀԷԿ-երը տեղակայված են Երևանում, մնացածները տեղակայված են Սևանա լճից Երևան ձգվող Հրազդան գետի երկարությամբ։
Կասկադի դերիվացիոն համակարգը 65.5 կմ երկարություն ունի, որից բետոնապատ բաց ջրանցքները 30.7կմ են, իսկ թունելները՝ 34.8կմ։ Արգել ՀԷԿ-ը, կասկադի երրորդ աստիճանը, ամենախոշորն է Հայաստանում՝ իր 224 ՄՎտ դրվածքային հզորությամբ։
Սևան ՀԷԿ-ը Հայաստանի միակ ստորգետնյա, իսկ Արզնի ՀԷԿ-ը Հայաստանի միակ ժայռափոր ՀԷԿ-երն են։
Սևան-Հրազդան Կասկադը էական նշանակություն ունի Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգի համար։ Հաշվի առնելով կասկադի սարքավորումների տարիքը և խոշորածավալ ամբողջական վերանորոգումների բացակայությունը, դրանք փոխարինման և վերանորոգման կարիք ունեն։ Այս գործին լուրջ վերաբերմունք է ցուցաբերում Տաշիր ընկերությունների խումբը, որը նախաձեռնում է, միջազգային խոշոր ընկերությունների հետ համատեղ իրականացնել կասկադի ամբողջական վերազինման հավակնոտ ծրագրեր։