2020 թվականին «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռք բերումից ի վեր Տաշիր ընկերությունների խումբը ձեռնամուխ է եղել ընկերության ֆինանսա-տեխնիկական առողջացման ծրագրերի մշակմանն ու ներդրմանը։
Այս ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը բխում է հետևյալ առկա խնդիրներից.
- Սևան-Հրազդան Կասկադի հիդրոլէլեկտրակայաններում տեղադրված են և գործում են 20 հիդրոագրեգատներ։ Դրանց մեծ մասը շարունակաբար շահագործվում են ավելի քան 60-70 տարի։ Հիդրոտուրբիններից առ այսօր ամբողջովին փոխարինվել են միայն երկուսը։ Համապատասխանաբար կակսադի հիդրոէլեկտրակայանների հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ պայման է մեծածավալ ներդրումներիիրականացումը՝ ուղղված կայանի սարքավորումների փոխարինմանն ու հիմնանորոգմանը։
- «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲ ընկերությունը ձեռք է բերվել բարձր վարկային պարտավորություններով, որոնց սպասարկումը էական բեռ է ընկերության ֆինանսական ցուցանիշների տեսանկյունից։
- Բացի վերոնշյալից, արդիական է նաև արտադրության արդյունավետության բարձրացման հարցը, քանի որ կայանի հիդրոագրեգատներն աշխատում են ոռոգման համակարգի գերակայության պայմաններում, ինչը չի ապահովում ջրի էներգիայի օգտագործման օպտիմալ ռեժիմներ, բացի այդ կայանները գործում են նախագծային կարողություններից էական նվազ ծանրաբեռնվածությամբ, ելնելով Սևանա լճից ջրի բացթողումների օրենսդրական սահմանափակումներից։
Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները, ընկերության առաջնային նպատակներն են.
- մշակել և իրագործել ընկերության արտադրական պոտենցիալի պահպանմանն ուղղված ներդրումային համալիր ծրագիր։ Այս նպատակի իրագործման աշխատանքները հաջողությամն սկիզբ են առել, ներգրավվել են միջազգային ճանաչված ընկերություններ՝ մասնագիտական խորհրդատվությունն ապահովելու համար։
- Ֆինանսական առողջացման նպատակներից ելնելով Տաշիր ընկերությունների խումբը հաստատել է իր սեփական ֆինանսական միջոցներից ֆինանսավորման խոշորածավալ ծրագիր, միաժամանակ բանակցություններ են վարվում միջազգային ֆինանսական հաստատությունների հետ՝ որպես համաֆինանսավորող ներգրավվելու հարցում։
- Ընկերությունը ներկայումս ուսումնասիրում է էլեկտրական էներգիայի արդյունավետության բարձրացման հնարավորությունները, այդ թվում, միջազգային խորհրդատվական ընկերությունների օգնությամբ ուսումնասիրելով առկա ջրային հոսքերին հիդրոսարքավորումների արդյունավետության կորերի համապատասխանեցման, ոռոգման և դերիվացիոն համակարգերում ջրի ավելի ճշգրիտ հաշվառման և կորուստների կրճատման հնարավորությունները։
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության հիմնական նպատակն է ապահովել էլեկտրական էներգիայի արտադրության հզորությունների անվտանգ և հուսալի շահագործումը, պայմաններ ստեղծել արտադրության արդյունավետության բարձրացման համար, խթանել էներգետիկ ոլորտի նոր մասնագետների ուսուցումը և ներգրավվումը արտադրական պրոցեսում։