«Միջազգային էներգետիկ կորպորացիա» (ՄԷԿ) ՓԲԸ գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում 2003թ մայիսի 8-ին։ ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ միջուկային վառելիքի գծով պարտավորությունների մարման մասին թիվ 405Ա և ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 20-ի թիվ 405Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 660Ա որոշումների հիման վրա 2003 թվականի հուլիսի 17-ին «Սևան-Հրազդանյան կասկադ» և «Միրազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-րի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի «Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲ ընկերության գույքը սեփականության իրավունքով փոխանցվել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ին։
Այդպիսով «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ դարձել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ռուսաստանյան ընկերությանը պատկանող առաջին արտադրող ընկերությունը Հայաստանում:
2011 թվականի մարտի 24-ին «ՌուսՀիդրո» ԲԲԸ ռուսաստանյան ընկերությունը ձեռք է բերել «ՄԷԿ» ՓԲԸ բաժնետոմսերը:
2020 թվականին «ՄԷԿ» ՓԲԸ բաժնետոմսերն ամբողջությամբ ձեռք են բերվել Տաշիր ընկերությունների խմբին պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ կողմից։ Այս գործարքը նոր հեռանկարներ է բացել ընկերության առջև, հաշվի առնելով Տաշիր ընկերությունների խմբի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի էներգետիկ համակարգում, դրանում գործող խոշոր և ստրատեգիական նշանակության ձեռնարկությունների արդյունավետ կառավարման փորձը, մարդկային և ֆինանսական ներուժը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ համակարգին և ընդհանրապես՝ տնտեսությանը աջակցություն ցուցաբերելու Տաշիր ընկերությունների խմբի տեսլականը։
Վերոնշյալ գործոնները լուրջ նախադրյալներ են ստեղծում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲ ընկերության ակտիվների անհրաժեշտ վերազինմանն ուղղված մեծամասշտաբ ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ կասկադի ակտիվների արդիականացման, էլեկտրական էներգիայի արտադրության հուսալիության և արդյունավետության բարձրացման նպատակով։ Այս գործընթացն իրականացնելիս «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունն առաջնորդվելու է արտադրության որակի ապահովման, աշխատանքի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման միջազգային բարձրագույն չափանիշներով։
«ՄԷԿ» ՓԲԸ տնօրինում և կառավարում է Սևան-Հրազդան կասկադի ակտիվները, ներառյալ յոթ ՀԷԿ-երը, որոնք տեղակայված են Հրազդան գետի երկայնքով, Սևանա լճի և Երևան քաղաքի միջև: Կայաններն օգտագործում են Հրազդան գետի բնական հոսքը, ինչպես նաև Սևանից ոռոգման նպատակող բաց թողնվող ջուրը:
Սևան Հրազդան ոռոգիչ-էներգետիկ համալիրը կազմված է 7 հիդրոէլեկտրակայանների կասկադից և Արարատյան դաշտավայրի ու նախալեռնային հողտարածքները ոռոգող 17 ջրանցքներից։ Սևանա լճից Արարատյան դաշտավայրի ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի էներգետիկ պոտենցիալի օգտագործման նպատակով կասկադի շինարարությունը սկիզբ է առել է 1930 թվականին՝ Քանաքեռ ՀԷԿ-ի շինարարությամբ, որի առաջին հիդրոագրեգատը գործարկվել է 1936 թվականին և տևել է 32 տարի՝ ավարտվելով Երևան-1 ՀԷԿ-ի գործարկմամբ։ Կասկադի հիդրոէլեկտրակայանները օգտագործում են ինչպես Սևանա լճի, այնպես էլ Հրազդան գետի և այլ կողային վտակների ջրերը։
Սևան-Հրազդան կասկադն ամենախոշորն է Հայաստանում՝ ընդհանուր 561.4 ՄՎտ դրվածքային հզորությամբ։ Այս հզորության պայմաններում Էլեկտրաէներգիայի տարեկան արտադրանքը 1957-1963 թվականներին գերազանցել է տարեկան 2,000 ԳՎտժ ծավալը, իսկ 1993 թվականին, Հայաստանում էներգետիկ ճգնաժամի պայմաններում, կազմել է շուրջ 2,838 ԳՎտժ։ Սևան-Հրազդանյան կասկադի հիդրոէլեկտրակայանների էներգիան մինչև 1950 թվականի ավարտն ապահովել է հանրապետության պահանջարկի մոտ 90 տոկոսը։ 1978 թվականից Սևանա լճից ջրի թողքը էներգետիկ նպատակներով դադարեցվել է՝ կանխելու համար Սևանա լճի մակարդակի հետագա իջեցումը։ Հետագայում, 1981 թվականին «Արփա-Սևան» թունելի գործարկմամբ Սևանա լճի մակարդակը սկսեց բարձրանալ, սակայն Սևան-Հրազդան կասկադն այլևս գործարկվում է գյուղատնտեսական կարիքների համար ոռոգման ջրի ապահովման գերակայության պայմաններում։
Սևան-Հրազդան կասկադի ներկայիս առկա հզորությունը կազմում է 539.9 ՄՎտ։ Սևան-Հրազդան կակսադի երկու ՀԷԿ-երը՝ Սևան ՀԷԿ-ը և Հրազդան ՀԷԿ-ը գործում են միայն Սևանից ոռոգման սեզոններին բաց թողնվող ջրի էներգիայով, և, հետևաբար, գործարկվում են միայն ոռոգման սեզոններին։ Մնացած ՀԷԿ-երը գործում են ողջ տարվա ընթացքում, բացառությամբ կասկադի ամենափոքր՝ Երևան-3 ՀԷԿ-ից, որը գործում է ոչ ոռոգման սեզոններին Արտաշատի ոռոգման մայր ջրանցքի ջրով։
Սևան-Հրազդան կակսադի էներգետիկ ճկունությունն ապահովում են Արգել, Արզնի և Երևան-1 հիդրոէլեկտրակայանների հիմնական կառույցների մոտ գտնվող երեք ջրամբարները, ինչպես նաև Արգել և Քանաքեռ դերիվացիաների վերջում տեղակայված օրական կարգավորիչ ավազանները։ Կասկադի դերիվացիոն համակարգը 65.5 կմ երկարություն ունի, որից բետոնապատ բաց ջրանցքները 30.7կմ են, իսկ թունելները՝ 34.8կմ։
Արգել ՀԷԿ-ը, կակսադի երրորդ աստիճանը, ամենախոշորն է Հայաստանում՝ իր 224 ՄՎտ դրվածքային հզորությամբ։
Սևան ՀԷԿ-ը Հայաստանի միակ ստորգետնյա, իսկ Արզնի ՀԷԿ-ը Հայաստանի միակ ժայռափոր ՀԷԿ-երն են։
Սևան-Հրազդան կասկադը էական նշանակություն ունի Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգի համար։ Հաշվի առնելով Կակսադի սարքավորումների տարիքը և խոշորածավալ ամբողջական վերանորոգումների բացակայությունը, դրանք փոխարինման և վերանորոգման կարիք ունեն։ Այս գործին լուրջ վերաբերմունք է ցուցաբերում Տաշիր ընկերությունների խումբը, որը նախաձեռնում է, միջազգային խոշոր ընկերությւոնների հետ համատեղ իրականացնել Կակսադի ամբողջական վերազինման հավակնոտ ծրագրեր։
Ներկայումս Սևան-Հրազդան կասկադին բաժին է ընկնում Հայաստանում էլեկտրական էներգիայի օգտակար առաքման ընդհանուր ծավալի շուրջ 7 տոկոսը։